ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» մեջ:

Նախարարը հանդիպել է նաև Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:

Նախարարն այնուհետեւ այցելել է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ ող զբաղվող «Մագա» ՍՊԸ, հանդիպել գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրները և աջակցություն ցուցաբերելու իր կամքը հայտնել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:

Հաջորդը Սերգո Կարապետյանն այցելել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղ, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները: Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:

Նախարարի` Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջևանի գինու և կոնյակի գործարանն» էր, ուր ընթանում են պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն եւ ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: 

Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան: