Կառավարության առաջիկա խնդիրը տնտեսությունը զարգացնելն է, և դա հասկանում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց այցելության ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, թե ինքը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում:

«Ես տեսնում եմ, համոզված եմ, որ հաջողվելու է կառավարությունը: Ես տեսնում եմ, որ կառավարության առաջիկա խնդիրն է զարգացնել տնտեսությունը: Դա բոլորը հասկանում են, հասկանում է դա նաև երկրորդ նախագահը առավել ևս: Ժամանակ է պետք, որպեսզի արձանագրենք հաջողություն: Նույն այդ ճանապարհը անցել ենք մենք երկրորդ նախագահի հետ, և ես համոզված եմ, որ մենք ջանք չենք խնայելու, որ տնտեսությունը զարգացնենք»,-ասաց վարչապետը: