Լեռնային Ղարաբաղի սահմանների լարվածության մասին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր կածիքը «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում։

- Ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ձեր կարծիքով որքանով էր այն արդյունավետ: Կհաջողվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը լուծել դիվանագիտական մակարդակում:

-Հանդիպման արդյունավետությունը գնահատելու համար բավարար տեղեկատվության ես չեմ տիրապետում: Այնուհանդերձ, երկար ընդմիջումից և շփման գծում իրավիճակի լարումից հետո կայացած հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Ես կխուսափեի լավատեսական գնահատական տալ վերջնական լուծման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը, հակամարտության կողմերի մեկնաբանություններն ու դրանց տոնայնությունն առայժմ այդ մասին չեն խոսում:

- Ինչպես երևում է, Ղարաբաղը կարող է խոչընդոտ դառնալ նաև ԵՎՏՄ Հայաստանի անդամակցության ճանապարհին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Հայաստանին` միանալ Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես բարդացնել այդ միությանը Հայաստանի անդամակցությունը:

-Սկզբունքորեն, ԵՎՏՄ ցանկացած երկիր ֆորմալ տեսանկյունից կարող է արգելափակել հարցը, պահանջելով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի հաստատում, ինչը դժվար թե ընդունելի լինի Հայաստանի համար: Բայց Հայաստանին ընդունելու ցանկության դեպքում կարելի է փոխադարձ համաձայնությամբ լռակյաց շրջանցել այդ հարցը: ԼՂՀ-ը այլ երկրների հետ գործող սահման չունի, իսկ Ադրբեջանի հետ սահմանը դա զորքերի շփման գիծն է: Այսինքն, միության տարածք ԼՂՀ-ով ինչ-որ ապրանքների ներթափանցման վտանգը /որը կսպառնա մասնակից երկրների տնտեսական շահերին/ ուղղակի զրոյական է:

- Ղարաբաղն, ավաղ, դարձավ Հայաստանի ներկայիս մեկուսացման հիմնական պատճառը: Կարո՞ղ է Հայաստանն այնուամենայնիվ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծման դուրս գալ այդ մեկուսացումից, ինչպե՞ս և ի՞նչ է պետք դրա համար ձեռնարկել: Դուք ԼՂՀ առաջին նախագահն եք եղել, ուրեմն ո՞վ ավելի լավ, քան դուք գիտե, թե որքան բարդ է այս հանգույցը:

-Հայաստանը, հայտնի պատճառներով, ունի փակ սահման երկու հարևան երկրների հետ, բայց դա մեկուսացում չէ: Հայաստանը մեկուսացման մեջ երբեք չի եղել, ու վստահ եմ` չի էլ լինի: Սահմանների հետ կապված իրավիճակն այսպիսին էր նաև իմ նախագահության շրջանում, բայց դա չխանգարեց մեզ զարգացնել տնտեսությունը աճի երկնիշ տեմպերով: Այստեղ կարող է նաև դրական զարգացում լինել: Միանգամայն հավանական է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացումը: Ենթադրում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքը վերականգնելու հնարավորություն կա, այն պատճառով, որ դա ձեռնտու է բոլորին: Դրա շահագործման ճկուն բանաձև է անհրաժեշտ, այնպիսին, որը չի դիպչի կողմերի համար զգայուն խնդիրներին: Հայաստանն, իմ կարծքիով, պիտի լինի այդ գործընթացի ամենաակտիվ միջնորդը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է իր կենսական շահերին: