Այսօր շատ հեշտ է առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել ցանկացած բուհ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ շատ դեպքերում վերջին դասարանների աշակերտները չեն հաճախում դպրոց և պարապում են կրկնուսույցների մոտ:

«Շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Նաև փաստ է այն, որ ուսանողների մեծ մասը մարզերից են, իսկ այնտեղ չկան կրկնուսույնցների այնպիսի տեսակի գոյությունը, ինչպիսին Երևանում է»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ԿԳՆ-ն խստորեն վերահսկելու է ավագ դպրոցներին, որ դպրոց չհաճախելու պրակտիկա չկիրառվի: «Ինձ տհաճություն են պատճառում այն խոսակցությունները, որ ծնողներին հաջողվում է ինչ որ կերպ պայմանավորվել տնօրենների հետ՝ երեխաների բացակայությունների հետ կապված: Դուք հսկողության տակ եք գտնվելու ոչ միայն ԿԳ նախարարության կողմից, այլև հարկ եղած դեպքում ես ինձ լիազորություն եմ վերապահելու դիմել նաև պատկան մարմիններին: Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մի տնօրեն՝ իր թուլություններին և գայթակղություններին չդիմանալու պատճառով, ստվեր գցի ամբողջ համակարգի գործունեության և գոյության վրա»,-ամփոփել է Աշոտյանը: