Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է ակումբի կայքը:

Օգոստոսի 26-ին արգենտինացին բուժզննում անցնելուց հետո 5 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: 26-ամյա Դի Մարիային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ: Դա ռեկորդային տրանսֆեր է անգլիական ֆուտբոլի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին, ում գնելու համար Լոնդոնի «Չելսին» 2011-ին 50 միլիոն ֆունտ էր վճարել «Լիվերպուլին»: Բացի այդ, Դի Մարիան դարձավ «Ռեալի» կողմից վաճառված ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մեսութ Օզիլին, ում Լոնդոնի «Արսենալը» 2013-ին Արքայական ակումբից գնել էր 45 միլիոն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անխել Դի Մարիան մանչեսթերյան ակումբում անգլիացի Ուեյն Ռունիի և հոլանդացի Ռոբին վան Պերսիի պես ստանալու է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ: Արգենտինացին 2010-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի հետ այս տարի դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նախորդ մրցաշրջանում նա Կարլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 7 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: