Ի՞նչ նպատակ էր հետապնդում Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ-ին հրավիրելը: Այս հարցի շուրջ Yerevannews.am-ի հետ զրույցում խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

«Սա ընդհանրապես ընդունված արարողակարգ է աշխարհում: Պետությունները, չխորանալով իրենց հարաբերությունների մեջ, դա անում են, իսկ քանի որ թուրք է, ապա սա հաստատ PR ակցիա է: Այսինքն՝ կարող է գերմանացի լինեին, ամաչեին, ասեին ցեղասպանություն ենք արել, այս էլ ենք անում»,- ասում է Լ. Շիրինյանը:

Քաղաքագետը գտնում է, որ Թուրքիան  աշխարհի մակարդակով ուղղակի փորձում է ցույց տալ, որ իրենք քաղաքակիրթ են՝ առանց ցեղասպանություն ընդունելու: Իսկ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ էր Հայաստանի որոշումը՝ արտգործնախարարի մակարդակով մասնակցել այս արարողությանը, քաղաքագետը պատասխանեց.

«Զգացմունքային իմաստով անշուշտ սխալ է և ընդհանրապես սկզբունքային քաղաքականության իմաստով, բայց քանի որ ըստ էության մենք կիսաշրջափակված վիճակում ենք, իշխանություններն ուղղակի «հարմար» են գտել մասնակցել: Այսինքն՝ քաղաքականությամբ հետաքրքրվածները գիտեն, որ այսպիսի գիշատիչների հետ հարաբերության որոշակի թափ է պետք»:

Քանի որ Թուրքիան և թուրքերը շատ անկանխատեսելի պետություն և ազգ են, ապա ՀՀ կառավարության որոշումը սխալ չէ, սակայն նաև ճիշտ չէ: Այս որոշումը, ըստ քաղաքագետի, կայացրել են անվտանգության նկատառումներով: Այսինքն՝ այլ երկրները Հայաստանին կարող են մեղադրել թուրքերի «մեկնած ձեռքը» չբռնելու մեջ:

«Իմ կարծիքով լավ թուրք չկա: Հայ ժողովրդի համար լավ թուրք չկա: Մեզ համար նրանք ուղղակի արնախում են»

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը կմեկնի Անկարա։