Տարածաշրջանային զարգացումների ներկայիս սպառնալի տեմպերի ու ծավալների պայմաններում մտահոգ ուժերի և անհատների կողմից դեպքերի ընթացքին հանձնվելը, այդ թվում՝ հերթական կամ արտահերթ «ընտրություններին» սպասելը, ժամանակի վտանգավոր կորուստ է: Այսպիսի հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Աշխարհը թևակոխել է բազմաբևեռացման և անկայունացման փուլ: Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ հերթական կայունացման փուլը հեռու է:

Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև մեր երկիրը, վերածվել է մեծ ու փոքր շահերի արյունալի բախման հանգույցի: Մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպես կոչված «հիբրիդային» պատերազմներ, որոնք ուղեկցվում են հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմամբ, մարդկայնության դեմ հանցագործություններով, ցեղասպանություններով և ձգտում են սահմանային վերաձևումների:

Նման իրավիճակում իրենց շահերը հետապնդող մեծ տերությունները, որպես կանոն, կամ ձեռնպահ են մնում միջազգային իրավունքին համապատասխան միջամտելուց, կամ էլ միջամտում են ուշացած ու ոչ անհրաժեշտ չափով: Ակնհայտ է դառնում նաև, որ չեն կատարվում միջազգային պայմանագրերով սահմանված երաշխիքները:

Մենք նույնպես կանգնած ենք «հիբրիդային», չի բացառվում նաև՝ բազմաճակատ, պատերազմի հավանական մարտահրավերին դեմ հանդիման:

Մինչդեռ մեր պաշտպանական համակարգը որակական և քանակական առումներով անհամեմատ թույլ է նշված մարտահրավերին դիմագրավելու համար:

Ռազմավարական-տարածքային խորության բացակայության և մարդկային ու այլ ռեսուրսների սակավության պայմաններում գոյատևելու և նշված մարտահրավերը հաղթահարելու միակ երաշխիքը համազգային պաշտպանական ներուժի մոբիլիզացումը և դրա արդյունավետ կիրառման ապահովումն է կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Ազգ-բանակ»-ի վերածվելը:

Այդ նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է զինել և վարժեցնել ամբողջ ժողովրդին՝ արմատավորելով զենքի մշակույթ և ապահովելով ծառայության համար պիտանի ՀՀ քաղաքացի բոլոր տղամարդկանց ու կանանց պարտադիր և սփյուռքահայերի կամավոր մասնակցությունը Հայրենիքի պաշտպանության գործին:

Հասկանալի է, որ ներկայիս խամաճիկային ռեժիմի կառավարման օրոք իրատեսական չէ այսպիսի արմատական խնդրի լուծումը: Ուստի դրան օր առաջ պետք է նախորդի ռեժիմի հեռացումը և ազգային շահերով առաջնորդվող քաղաքական ղեկավարության ձևավորումը:

Տարածաշրջանային զարգացումների ներկայիս սպառնալի տեմպերի ու ծավալների պայմաններում մտահոգ ուժերի և անհատների կողմից դեպքերի ընթացքին հանձնվելը, այդ թվում՝ հերթական կամ արտահերթ «ընտրություններին» սպասելը, ժամանակի վտանգավոր կորուստ է:

Նախախորհրդարանը վստահ է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մեր ֆիզիկական գոյությանն սպառնացող մարտահրավերը կարող է արթնացնել ազգի ինքնապաշտպանական բնազդը, ուստի Հայրենիքի առջև իրենց պատասխանատվությունը գիտակցող բոլոր ուժերին և անձանց կոչ է անում միավորվել հանուն «Ազգ-բանակ» գաղափարի իրագործման, այն դարձնել թիվ մեկ հասարակական պահանջ, դրա շուրջ համախմբել ժողովրդին և ռեժիմի հեռացումից հետո ձեռնամուխ լինել հզոր և մրցունակ ազգային պետության ու բանակի կառուցման գործին»: