«Եկել է ժամանակը, որպեսզի հայկական կողմը հասկանա՝ որքան ուժեղ է և չսպասի իր վրա հարձակվելուն, այլ ինքը հարված հասցնի Ադրբեջանին»,- այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Կոմանդոսը նշել է մեր կանխարգելիչ հարված հասցնելու հիանալի պայմանների մասին, և հայտարարել, որ չպիտի թույլ տանք, որ մեր վրա հարձակվեն:

«Մենք կանխարգելիչ հարված հասցնելու հիանալի պայմաններ ունենք: Այս գաղափարը չի ողջունվում, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված, սակայն, մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ վրա հարձակվեն, մենք էլ ամբողջ ժամանակ պաշտպանվենք: Եթե մենք հարված չհասցնենք, ադրբեջանական կողմն անընդհատ լարվածության մեջ կպահի մեզ»:

Կոմանդոսը բացատրել է, որ խոսքը պատերազմական գործողություններ սկսելու մասին չէ, այլ կանխարգելիչ հարվածներ հասցնելու: «Ադրբեջանական զորքերը պատրաստ չեն ռազմական գործողությունների: Նման գնահատական ՆԱՏՕ-ի մասնագետներն են տալիս: Նախագահ Իլհամ Ալիևն արհեստական լարվածություն է ստեղծում սահմանին»,- հավելել է Արկադի Տեր-Թադևոսյանը: