Քառյակը կարող է առանց ցնցումների ու Մայդանի իրականացնել արմատական փոփոխություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին,  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Հուսով եմ, որ Քառյակն իր շեշտադրումներին՝ 12 կետերով հանդերձ, հետևողական կլինի։ Մեր քաղաքական օրակարգում որևէ փոփոխություն չկա։ Իհարկե, ես զերծ կմնայի «թեժ», «սուր» բառերն օգտագործելուց, որոնք պայմանական են, բայց այսօր ռեալ քաղաքական իրական այլընտրանք իշխանություններին՝ Քառյակն է։ Լավ կլինի, իհարկե, եթե աշխարհագրությունը տարածական իմաստով մեծացնենք ու լավ կլինի, եթե ժողովրդի աջակցությունն ավելի մեծ լինի: Քառակը կարող է առանց ցնցումների ու Մայդանի իրականացնել արմատական փոփոխություն»,-նշեց Ռ Հակոբյանը և համաձայնեց, որ առաջադրված 12 կետերը չեն իրականացվել, ուստի և Քառյակը պետք է համարժեք պատասխան ունենա դրա համար։

Իսկ այն մասին, թե երբ կլինի Քառյակի առաջնորդների հանդիպումը,  Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ իրենք միշտ են ասել, որ Քառյակի առաջնորդները կարող են հանդիպել, եթե անհրաժեշտություն լինի։ Իսկ անհրաժեշտություն, ըստ նրա, այս պահին կա և ուստի հանդիպումն էլ հնարավոր է։ «Հանրահավաքը ուժի մեջ է, սեպտեմբերի 30-ը ֆիքսում է ժամկետի վերջին օր, ժամանակացույցը, նախատեսել ենք, որ կսկսվի սեպտեմբի 30-ից հետո»,-նշեց նա։

Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով այն խնհդրին, որ հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողված է, ասաց, որ իրենք ի սկզբանե ասել են, որ այս կառավարությունը որևէ լավ բան չի խոստանում, քանի որ չունի գործիքակազմ։

«Մենք ասում էինք, որ առանց գործիքակազմի չի կարող արդյունք լինել, ինչը որ տեղի ունեցավ, բայց մի բան է ցանկություն, ճարպկություն, մեկ այլ բան՝ քաղաքականության համար անհրաժեշտ գործիքների բացակայություն։ Բացի կոսմետիկ որոշ PR քայլերից, ես որևէ դրական քայլ, որը փոխել է վիճակը Հայաստանում, չեմ տեսել, ինչքան էլ ուշադիր ուզել եմ մի լավ բան գտնել, չեմ գտել»,-ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք քառյակը արդեն այս կառավարության հրաժարականը չի ցանկանո՞ւմ պահանջել, խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ այս պահին անիմաստ է պահանջել կառավարության հրաժարականը՝ նկատելով. «Եթե չլինի սեպտեմբերի 30-ը, մենք, որպես «Ժառանգություն», պահանջելու ենք ամբողջական իշխանափոխություն։ Պարտավոր ենք հրաժարականի հարց բարձրացնել»: