«Ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից առաջարկված 12 կետերում կան պահանջներ, որոնց շուրջ իշխանությունը չի կարող զիջումների գնալ»,- Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամաոր Մկրտիչ Մինասյանը:

Քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ մինչեւ սեպտեմբերի ավարտը ժամանակ տվել իշխանություններին՝ պահանջները կատարելու համար:Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Անընդունել է, երբ խոսում են վերջնագրի լեզվով, վերջնագրի տեսքով բանակցություններ վարելը անհնար է», - հայտարարում է պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ի պատասխան «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» միջեւ որոշակի տարաձայնությունների մասին հարցին՝ պատգամավորը հայտարարեց. «Մենք հստակ գիտենք, որ քաղաքական ուժերը բավականին տարբեր քաղաքական մոտեցումներ ունեն, ուստի նորմալ է, որ նշված ուժերի մեջ կարող են լինել նաեւ տարաձայնություններ»: