Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 23-ին, Շանթ Հարությունյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ցանկություն հայտնելով, որ դատարանը որպես իրեղեն ապացույց ճանաչի այն զրահաբաճկոնը, որն ինքը նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ ընդհարումից առաջ հագցրել էր իր անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին։ 

«Զրահաբաճկոնը ցույց է տալիս, որ մենք պաշտպանվել ենք պրովոկատորներից։ Եթե մենք ուզենայինք վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք։ Միակողմանի քննություն է կատարվել։ Ասեցի, թե՝ ա՛յ շակալներ, ինձ խփեք, ոչ թե տղուս, ինչի՞ չեն արձանագրել էդ։ Իրանց հանձնարարել էին, որ ինձ ու Շահենիկին սպանեն։ Միջնորդում եմ իրեղեն աացույց ճանաչել, մեղադրող կողմը միտումնավոր կեղծել ա, որ իրա մեղադրանքը հիմնավորի և շառը սարքի»,- ասաց Շանթ Հարությունյանը և անվստահություն հայտնեց դատախազին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Շանթ Հարությունյանի միջնորդությունը։

Նիստի ընթացքում հարցաքննվեցին նաև նոյեմբերի 5-ի գործով վկա երեք ոստիկան՝ Արմեն Բարսեղյանը, Գուրգեն Հարությունյանը և Նարեկ Սարգսյանը։ Դատարանը հրապարակեց մյուս հինգ վկաների՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները, քանի որ հնարավոր չէր ապահովել նրանց ներկայությունը։

Ոստիկան Արմեն Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ չի տեսել, որ երթի մասնակիցները հարվածեն համազգեստով ոստիկանների։

«Աչքս ընկել ա, որ գետնին ընկած քաղաքացիական հագուստով ոստիկանների հարվածում են, վայեննի համազգեստով անձնավորություն էր հարվածում։ Ոստիկանական հագուստով ոստիկանների չեմ տեսել, որ հարվածեն»,- ասաց Արմեն Բարսեղյանը՝ նշելով, որ չի լսել, որ երթի մասնակիցները հայհոյեն։

Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը հակասություններ նկատեց ոստիկան Գուրգեն Հարությունյանի՝ դատարանին և նախաքննական մարմնին տված ցուցմունքների միջև։

Արա Զաքարյաը հարցրեց, թե արդյոք ինչո՞ւ է բերման ենթարկել քաղաքացի Աշոտ Տերտերյանին, Գուրգեն Հարությունյանն ասաց. «Խոչընդոտում էր ոստիկանության ծառայողի աշխատանքը, հարվածներ չէր հասցնում»։

Փաստաբանի՝ դրան հաջորդող և հակասություններն ավելի ակնհայտ դարձնելու համար տրված այն հարցին, թե ինչու է նախաքննական մարմին տված ցուցմունքում գրել, որ բերման է ենթարկել քաղաքացի Տերտերյանին, քանի որ նա ոստիկաններին քաշքշում և հարվածում էր, և արդյոք դա գրե՞լ է ինչ-որ մեկի թելադրանքով, ոստիկանը շատ կամացուկ պատասխանեց, որ ինչ-որ մեկի թելադրանքով չի գրել ցուցմունքը, Տերտերյանն իրականում քաշքշել է իրեն։

Ոստիկան Նարեկ Սարգսյանն էլ դատարանին հայտնեց, որ բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանին, քանի որ «նա գոռգոռում էր»։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը և բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա  որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: