Օգոստոսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը,: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի շատ կսիրեք այն: Նաև կբարեկամանաք իրար հետ և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: