Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործարարության շատ ոլորտներ այսօր մենաշնորհային են: Այս խնդիրը բոլորի քննարկման, նաև՝ մտահոգության առարկան է: Իսկ որքանո՞վ է ազատ մրցակցային հենց բիզնես ոլորտի հետ անմիջական կապ ունեցող գովազդային շուկան:

Արտաքին գովազդը թերևս այն կառավարելի ոլորտներից մեկն է, որը տեսանելիությամբ առանձնանում է մյուսներից: Ունենալով տարբեր տեսակներ` արտաքին գովազն ամբողջությամբ այսօր լայն կիրառություն ունի Հայաստանում: Այս ոլորտի վերջին զարգացումներից մեկը թերևս շարժական գովազդի տարածումն էր մեր իրականության մեջ:
Հասարակական տրանսպորտի վրա գովազդների տեղադրմամբ զբաղվող ընկերություններից է Motion Time-ը: Այն ապահովում է հենց տրանսպորտի ներքին և արտաքին մակերեսների գովազդը: Այս հարցով ընկերությունից վստահեցնում են, որ, լինելով ոլորտի առաջատարներից, իրենք մենաշնորհային գործունեությամբ չենք զբաղվում: «Ոլորտը բավականին մրցակցային է, բացի առկա ընկերություններից որոնք մատուցում են նմանատիպ ծառայություններ, գոյություն ունեն մի շարք ընկերություններ որոնք ինքնուրույն են տեղադրում իրենց գովազդը հասարակական տրանսպորտի վրա: Հաշվի առնելով վերոնշյալը` կարելի է պնդել, որ այս ոլորտը ոչ միայն մենաշնորհային չէ, այլև չափազանց մրցակցային է»,-վստահեցնում է Motion Time ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Գարիկ Կուրղինյանը: Իսկ թե ինչպես է ստացվել, որ այդ մրցակցությունում իրենք համարվում են բացարձակ առաջատար, Գարիկ Կուրղինյանը մեկնաբանում է մի շարք առավելություններով, որ ունի ընկերությունը. «Մեր առավելկություններն արդեն գնահատել են 100-ից ավելի խոշոր ընկերություններ, որոնց հետ շատ արդյունավետ համագործակցություն ենք հաստատել: Առավելություները քիչ չեն, բայց մենք ավելի շատ կենտրոնացած ենք դրանք զարգացնելու և միջազգային առաջադեմ փորձը հայրենական շուկայում կիրառելու վրա»:
Գովազդային հարցերով փորձագետ Արտակ Համբարձումյանն էլ վստահեցնում է, որ ոլորտում մրցակցությունը մեծ է, բայց մրցապայքարում հաղթում է այն ընկերությունը, ում առաջարկություններն ավելի արդյունավետ են, մատչելի ու ժամանակակից պահանջներին համապատասխան: