Սեպտեմբերից Թուրքիայում լույս կտեսնի «Գոր» խորագիրը կրող առաջին համշենահայկական ամսագիրը: Ամսագիրը կլինի լատինատառ, քանի որ համշենահայերը չունեն սեփական այբուբեն, բայց և համշենի հայկական բարբառով: Հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեցին Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր՝ Ասլան Ջանջըը ու Ռեմզի Գեդիքը:
Հյուրերի ժամանման հիմնական նպատակը հայաճանաչության ու Հայաստանի հայ հասարակության հետ ծանոթանալն է: Այս առիթով Ջանջըն խոստովանեց, որ ժամանակի ընթացքում, Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով մոռացության է մատնվում լեզուն, ինչպես նաև համշենահայերը սկսել են առավել հաճախ իրենց երեխաներին տալ թուրքկան անուններ:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև այժմ լայն տարածում ստացած մեկ այլ խնդրի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին: Համշենահայերը մասնավորապես նշեցին, որ Ռամադանի օրը այս խմբավորման հետ կապ ունեցող կազմակերպությանը իրենք չեն թույլատրել սեղան բացել քաղաքում:
Նշենք նաև, որ Թուրքիայում այսօր բնակվում են 35-40 հազար համշենցիներ, որոնց 70 տոկոսը՝ Հոպայում: