Ճանապարհային ոստիկաններն իրենց մեքենաների մեջ դրված արագաչափով սխալ են չափում մեքենաների արագությունը, ինչն էլ կոռուպցիոն ռիսիկեր է առաջացնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Մենք խնդիր ունենք, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները սխալ են ֆիքսում արագությունը, իսկ նրանք արագաչափի հաշվիչը այնպես են միացնում, անջատում, որ հնարավոր է՝ դրան գումարվի նաև տեսուչի մեքենայի արագությունը։ Օրենքով տեսուչի արագաչափի մոնիտորի վրա պետք է նշվի նրա մեքենայի արագությունը, որը, սակայն, բացակայում է, ինչն էլ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում», ասել է նա։

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ արագաչափի օգտագործման կարգը սահմանվում է կառավարության համապատասխան որոշումով և ոստիկանապետի հրամանով, որոնք, սակայն, գոյություն չունեն։

«Այսինքն՝ արագաչափի օգտագործումը ոչ իրավաչափ է, իսկ դատարաններն արդարացնում են արագաչափի կիրառումը, ասում են՝ դե հենա էլի սերտիֆիկատը ունեն»,- ասում է Էդուարդ Հովհաննիսյանը։