Այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ տուգանքի մասին առանց պատշաճ ծանուցման hարկադիր կատարողական մարմինն արգելանք է դնում վարորդների բանկային հաշիվների վրա։

«Հունվարի 1-ից ընդունվել է որոշում, որ վարչական մարմինը տուգանքն ուղարկում է հարկադիր կատարողական մարմին, այսինքն` և մայր գումարը, և տուգանքի եռապատիկը և հնգապատիկը։ Հարցը բարձրացվեց ԱԺ-ում, բայց քննարկման չդրվեց, նաև հարցը բարձրացվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կազմած հանձնաժողովում, սակայն այնտեղ ասացին, որ այն խորքային է, և այդ հանձնաժողովի լուծման խնդիրը չէ, և հետևապես այդ հարցը այդպես էլ մնաց», ասել է Էդուարդ Հովհաննիսյանը։

Նշեց նաև, որ «Աքիլլես» ՀԿ վարորդները հիմանականում այդ հարցով են դիմում, իսկ պատկան մարմինները ոչ մի լուծում չեն ցանկանում տալ այդ հարցին։

«Եթե այս հարցերը չեն կարգավորում օրենքով, թող բարձրանան և ասեն թե ինչի չեն կարգավորում, ոնց որ բերանները ջուր լցրած լինեն»,- դժգոհեց Էդուարդ Հովհաննիսյանը։