«Ժողովուրդ» թերթը գրում է. 

«Երեկ առավոտյան Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեքենան անցնելով ականի վրայով պայթել է, որի հետևանքով երեք հոգի վնասվել է, իսկ քաղաքապետի վարորդը մահացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետն այդ տարածք որսի էր գնացել:

Պաշտոնական արձագանք

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 11.00-ին, տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին՝ ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ավետիսյանը և Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրից

Նկատենք, որ մինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե դեպքը տեղի է ունեցել ականապատ տարածքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Վաղազին համայնքի ղեկավար Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա: Հարցին, թե ինչպես կարող է ճանապարհի վրա ական հայտնված լինել, գյուղապետը չցանկացավ պատասխանել՝ նշելով, թե շատ զբաղված է և այլ բան չի կարող ասել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քաշաթաղի ոստիկանապետ Վրույր Խաչատրյանն անձամբ է գնացել դեպքի վայր՝ կատարվածի մանրամասներին ծանոթանալու: Ավելին՝ պարզեցինք, որ համապատասխան փորձագետները սկսել են ստուգումներ իրականացնել` հասկանալու, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Ում «դաբրոյով» էր քաղաքապետը որսի դուրս եկել

Շատերին հետաքրքրում էր այն, թե ինչ գործ ուներ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, այն էլ երեկ՝ լուսադեմին, ժամը 6:30-ին, Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին: Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Խլղաթյանը, ոչ ավել ոչ պակաս, իր արձակուրդն օգտագործել է որսով զբաղվելով, իսկ նշված ժամը շատ հարմար է որսի համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: