Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երևանյան թիմի անդամներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է ինչպես այս, այնպես էլ մյուս մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Երևանը ներկայացնող պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին Երևանի քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը գտնվում է լավ մարզավիճակում և ամեն ինչ կանի Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար:
Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ թիմերն ուժերը կչափեն նաև հրաձգություն մարզաձևում: Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց հինգ ընտանիք։ Չարենցավանից և Վարդենիսից հաշմանդամություն ունեցող ևս մեկական ընտանիք հանդես կգա Երևանի մարզական պատվիրակության կազմում: