Բոլորս էլ վրդովվեցինք հուլիսի15-ին ՌԴ-ում մեր հայրենակից Լևոն Հայրապետյանի ձերբակալությամբ: Սրան հետևեցին տարբեր մեկնաբանություններ քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչների կողմից: Ոմանք նրա ձերբակալությունը կապում են հայ-ադրբեջանական, որոշները՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Կան իհարկե բազմաթիվ այլ մեկնաբանություններ ու կարծիքներ, սակայն գործարարի մամլո ծառայությունը որոշեց ինչ-որ չափով պարզաբանում մտցնել այս հարցի մեջ՝ տարածելով մամլո հաղորդագրություն: Հաղորդագրության հիմնական իմաստը կայանում է նրանում, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք կապ չունեն իրականության հետ: Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար: Դրանով հանդերձ, քանի որ վերջին օրերին Հայրապետյանի ձերբակալությունը արդարացիորեն բորբոքել է հազարավոր հայորդիների դժգոհությունը, հարկ ենք համարում խնդրել հետևյալը.
1. Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երևույթ:
2. Նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության և ռուս ժողովրդի հետ:
3. Չքաղաքականացնել տեղի ունեցածը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը:
4. Արմեն Նալբանդյանը նախատեսել է միջոցառում-երթ ընդդեմ Լևոն Հայրապետյանի դեմ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ, կկազմակերպվի առցանց ստորագրահավաք:
Բարեկամներ, ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին»: