Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խոսեց պատերազմը վերսկսելու և այլ արդիական խնդիրների մասին: Նա խոսելով հայ-ադրբեջանական խնդիրներց նշեց, որ ակտիվությունը միշտ ցուցաբերում է ադրբեջանական կողմը, իսկ ՀՀ-ն դրսևորում է կայուն դիրքորոշում:

«Հետևելով ադրբեջանական կողմին, դա իմ անձնական կարծիքն է, ադրբեջանական կողմը միշտ այն ժամանակ, երբ լուծվում են միջազգային խնդիրներ՝ լինի դա համանախագահների այց տարածաշրջան, կամ Ղարաբաղ կամ որևէ այլ կարևոր իրադարձություն, ակտիվանում են սահմանային ադրբեջանական ինտերվենցիան, կրակոցները, դիվերսիաները: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Ադրբեջանը «մեսիջ» է ուղարկում համաշխարհային հանրությանը և նաև Ռուսաստանին, որ «գիտեք ինչ, ես պատրաստ եմ պատերազմի, չեմ անում դա, որովհետև միջազգային օրենքներ կխախտեմ Հայաստանի վրա ճնշում գործադրելով»»,-ասում է նա:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ ադրբեջանական կողմի այսպիսի ակտիվությունը կապված է մասնավորապես ներկայումս ՀՀ ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցերի հետ և առավել կոնկրետ ուղղված է մեր գործընկեր՝ Ռուսաստանին: Սակայն, այնուամենայնիվ սա պատերազմ սկսելու նախանշան չէ: Ըստ նրա այսօր էլ Ադրբեջանը և՛ քաղաքական, և՛ տարածաշրջանային, և՛ իր ու Հայաստանի ռազմական պոտենցիալից կախված դեռևս ի վիճակի չէ պատերազմելու և հաղթելու: