Մալայզիական ավիափոխադրող Malaysia Airlines-ը կարող է 97.3 մլն դոլարի փոխհատուցում ստանալ Allianz ընկերությունից, որն ապահովագրել էր երեկ ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանված Boeing 777 ինքնաթիռը։

Ինչպես հաղորդում է «РИА-Новости»-ն, Allianz-ը դեռևս չի հաստատել փոխհատուցվելիք գումարի չափը, քանի որ այն դեռևս համաձայնեցված չէ։

«Այժմ դեռ չափազանց վաղ է մեկնաբանել այս ողբերգական դեպքը։ Քանի դեռ չեն պարզվել բոլոր մանրամասները, մենք կարող ենք միայն ցավակցություններ հղել բոլոր նրանց, ում այս ավիավթարն ինչ- որ կերպ առնչվում է»,-նշել են Allianz ընկերությունից։

Աղբյուրը հավելում է, որ ընթացիկ տարվա մարտին անհետացած Malaysia Airlines Boeing 777 ինքնաթիռը, որն առայսօր չի հայտնաբերվել, ևս ապահովագրված է եղել Allianz-ում։