Չինաստանի մայրաքաղաք Պեկինում` China Youth Daily պարբերականի գրասենյակի մոտ, 5 կին և 2 տղամարդ խմբակային ինքնասպանության փորձ են կատարել՝ թունաքիմիկատներ խմելով:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, այսպիսով՝ նրանք փորձել են իրենց բողոքն արտահայտել Ցզյանսու նահանգի իշխանությունների դեմ, որոնք իրենց վռնդել են սեփական հողից ու գետնին հավասարեցրել նրանց տները։ Դեպքը տեղի է ունեցել 5 տարի առաջ, սակայն իշխանություններն առայսօր այս մարդկանց որևէ ֆինանսական փոխհատուցում չեն տրամադրել՝ նրանց դարձնելով անօթևան։

Այդ սարսափելի դեպքի ականատեսները նկարագրել են, թե ինչպես են կանայք ու տղամարդիկ պլաստմասսայե շշերից խմել քիմիական նյութերն ու հետո ընկել գետնին՝ կոկորդներից պինդ բռնած։ Ցուցարարներն անմիջապես հոսպիտալացվել են, և, ըստ բժիշկների, նրանցից 4-ի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, մինչդեռ մյուս 3-ը մահամերձ են։