ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը նախարարության պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որը վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի նախարարին հասցեին օրերս ասված խոսքերին: Ստորև ներկայացնում ենք Ձեզ հայտարարությունն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ.
Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:
Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է` աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխընբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց և զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:
Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնել նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:
Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա և ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը»: