Մի քանի օր առաջ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի, դրա կանխման եւ արդյունքների մասին լուրերը ոչ ավելի ոչ պակաս հիթ դարձան հատկապես համացանցային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում եւ մարդկանց առօրյա խոսակցություններում: Սա առաջին դեպքը չէ, որ հայկական բանակը հետախուզադիվերսիոն գործողություն է կանխում, վնասազերծում ներթափանցման փորձ արած դիվերսիոն խմբերին: Սակայն այս դեպքը այլ կերպ աչքի ընկավ` չափազանց շատ կասկածամտությամբ ու որ ամենավտանգավորն է` խուճապային տրամադրություններով, որոնք դեռեւս հաղթահարված չեն: Ավելին` այս դեպքը ջրի երես հանեց այն բացերը, որոնք կան տեղեկատվաքարոզչական ու հոեբանական ազդեցության ոլորտում:

Տեղեկատվական կոլապս


ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի, դրա կանխման եւ արդյունքների մասին տեղեկատվություն հաղորդեց հուլիսի 10 –ին` նշելով, որ անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի: Դրանից երկու օր հետո` այսինքն հուլիսի 12 –ին, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ հաղորդեց, ըստ որի այդ փախուստից հետո ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաեւ խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմակայություն եւ սպանվել: Ուշադրություն դարձնենք պաշտոնական տեղեկությունների ամսաթվերին` հուլիսի 10 –ին եւ հուլիսի 12 –ին, սակայն դիվերսիոն գործողությունների մասին տեղեկությունը լրատվամիջոցներից մեկում հայտնվեց ոչ թե հուլիսի 10 –ին, կամ դրանից հետո, այլ ավելի վաղ` հուլիսի 9 –ին: Թվում է` այստեղ ոչ մի արտառոց բան չկա, լրատվամիջոցը առաջինն է իմացել եւ այդ մասին տեղեկություն հաղորդել: Սակայն միայն աառաջին հայացքից: Ինչու:

Առաջին հաղորդարության եւ երկրորդ հաղորդագրության ամսաթվերի` այն է` 10.07.2014թ եւ 12.07.2014թ, համադրությունը ցույց է տալիս, որ հետախուզադիվերսիոն գործողությունների վնասազերծումը տեւել է ոչ թե մեկ, այլ մի քանի օր: Հետեւաբար այդ ընթացքում իրականացվել են գործողություններ, որոնք պարզ դատողությամբ պետք է, որ գաղտնի լինեին: Ի վերջո այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, դրան հետեւում են նաեւ հակառակորդ երկրում եւ մամուլում ցանկացած, այսպես ասած, առկայծում կամ արտահոսք, ուղղակի կարող է վտանգել դիվերսիոն խմբի վնասազերծման գործընթացը: Այս դեպքում տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցը արդյոք որեւէ կերպ պատասխանատու չէ վնասազերծման գործընթացի վտանգման եւ հետեւանքների համար: Այստեղ նկատենք նաեւ մեկ այլ հանգամանք: Երկրորդ դիվերսանտի ոչնչացման ժամանակ մահացավ մեկ սպա եւ վիրավորվեց մեկ քաղաքացիական անձ: Ով գիտե, գուցե եւ այդ դեպքերն այդպես չզարգանային, եթե ամեն դեպքում ավելի լավ պահպանվեր ձեռնարկված գործողությունների գաղտնիությունը:

Խուճապը ցրելու պատասխանատվությունը

Ըստ հրապարակումների Վարդենիսում խուճապ էր առաջացել ջրի հնարավոր թունավորման մասին: Ու սա ճիշտ լուն ուղտ դարձնելու պատմությունը հիշեցրեց: Ողջ Վարդենիսից, ուր մի քանի հազար մարդ է ապրում, երեք հոգի թունավորման ախտանիշով դիմել է հիվանդանոց: Ենթադրություններն էլ բերել էին նրան, թե իբր այդ դիվերսանտի մոտ ինչ–որ քանակի թույն են հայտնաբերել, որը կարող էր լցված լինել Սոթքի ջրի մեջ: Սա ոչ միայն թե չհաստատված, այլեւ ուղղակիորեն հերքող տեղեկություն համարելու համար առնվազն երկու հանգամանք կար:
1. Վարդենիս մտնող ջրերը գալիս են Ակունք գյուղից
2. Մի քանի հզ հոգանոց քաղաքում թունավորման ախտանիշներ են եղել ընդամենը 3 հոգու մոտ:
Ու այդ խուճապային տրամադրությունները առաջին հերթին հենց տեղում պետք է հերքվեին` համապատասխան պաշտոնյաների կողմից: Մամուլում տեղեկությունը հայտնվեց հենց այնպես, որ վարդենիսցիները վախենում են ջուր խմել: Եվ սա ոչ թե նվազեցրեց խուճապը, այլ ավելացրեց: Մինդեռ նույն մամուլը հենց իրեն վերապահված լծակներով կարող էր տեղի մասնագետներին դիմել ու ճշտել իրականում ջուրն աղտոտված է, թե ոչ: Սրանով թերեւս երկու գործ անելով` նախ ճշտել իրականությունը եւ հասարակությանը հավաստի տեղեկություն հաղորդել, երկրորդ` ցրել խուճապը: Այնպես չէ, որ այդ խուճապը ցրելու պատասխանատվությունը միայն պատկան մարմիններին է, իսկ լրատվամիջոցը, որը օգտվում է իր բաժին սենսացիայից դրա համար պատասխանատվություն չունի:

«17-ամյա տղայի» ոդիսականը

Դիվերսիայի մասին տեղեկությունը զուգորդվեց նաեւ մեկ այլ տեղեկատվությամբ: Ըստ դրա իբր 14 ամյա հովիվ է կորել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքեց 14 -ամյա հովվի գերեւարման մասին լուրը:
Ինչ էր իրականում կատարվել: Իրականում Քարվաճառի շրջանում 17 տարեկան հովիվ էր կորել: Առաջին հայացքից նայողին կթվա, թե ՊՆ մամուլի պատասխանատուն ստել է, լրատվամիջոցներից մեկում նույնիսկ քննադատություններ հնչեցին նրա հասցեին:
Հիմա ուշադիր հետեւենք այն հերքման տեքստին, որ ասվել է:
ՊՆ մամուլի խոսնակը հերքել է 14 -ամյա տղայի գերեւարման փաստը: Մարդիկ այստեղ միայն հերքում բառին են ուշադրություն դարձրել: Մինդեռ խոսնակի բացատրությունում սխալ ոչինչ չկա: Անհետ կորել է ոչ թե 14- ամյա հովիվ, այլ ինչպես հետո պարզվեց 17 -ամյա: Ոչ թե Վարդենիսից այլ Քարվաճառից: Ավելին` հովիվը քաղաքացիական անձ է եւ անհետ կորչելու հարցով զբաղվում է ոչ թե պաշտպանական գերատեսչությունը, այլ դե յուրե ոստիկանությունը:

Զինվորական գործերից «տեղյակ» աղբյուրները
«Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ դիվերսիոն գործողությունների մասին իրենց հաղորդել էր Սոթք համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը: Նա ասել էր, որ իրեն հասած տեղեկություններով 4 թուրք են տեսել եւ մեկին բռնել են, երեքը փախել են: Հիմա փնտրում են դրանց: Նկատենք, որ Սոթքի ղեկավարը բնականաբար զինվորական չէ, եւ մանրամասներին, թե քանիսն էին, կամ փնտրում են, թե չէ լսածով է ասում: Այս դեպքում, ճիշտ է, ըստ տարածված տեղեկությունների բնակիչներից մեկն էր տեսել նրանց, բայց բռնել են, թե չէ, կամ որոնում են թե չէ, գոնե այդ պահին հրապարակելը նպատակահարման չէ: Ավելին` տեղեկատվությունը տնօրինողները առաջին հերթին զինվորականներ են, հետեւաբար զինվորականներն իրենք են առաջին հերթին պատասխանատու, որ իրականացվող հատուկ գործողությունների, ներթափանցած դիվերսանտների թվաքանակի կամ շատ այլ մանրամասների գաղտնիության եւ տեղեկատվությունը ժամանակից շուտ չտարածվի: Սա բարոյապես չի նվազեցնում այդ տեղեկատվությանը օբյեկտիվ պատճառներով տեղյակ քաղաքացիների գոնե առժամանակ, այսպես ասած, բերանը փակ պահելու պատասխանատվությունը:
Սա թերեւս առիթ է ուշադրություն հրավիրելու նաեւ այն հանգամանքին, որ օրինակ անմիջապես զինվորական գործի մեջ գտնվողները, հատկապես որոշ տեղերում զգուշավորություն պահպանեն բջջային հեռախոսով խոսելիս, սահմանափակեն, կամ ընդհանրապես հրաժարվեն այդ ժամանակ սոցիալական ցանցերում շփումներ ունենալուց, հետաքրքրություն ներկայացնող լուսանկար կամ տեղեկատվություն հրապարկելուց: Սակայն այստեղ չի բացառվում, որ կան այլ մանրամասներ, որոնք բացահայտ չեն և միգուցե երբեք էլ չեն պարզվի: Չի բացառվում, որ զինվորականները իրենց գործը շատ լավ գիտեին և կատարում էին, սակայն ասենք սովորական բնակիչները նորից լավ նկատառումներով, բայց անգիտակցաբար խանգարել են գործընթացին և ակամայից արտահոսքի աղբյուր դարձել:

Դիվերսանտի «face control-ը»

Հուլիսի 11 –ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց գերեւարված Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի եւ նրա հետ եղած իրերի լուսանկարները` ի պատասխան Ադրբեջանի հերքման: Այն, որ Ադրբեջանը պետք է հերքեր, որեւէ մեկի համար հայտնություն չէ, թեեւ օրեր հետո նրա հարցով Կարմիր խաչին դիմեց: Բայց այստեղ ցավն այն է, որ պետք է ոչ թե Ադրբեջանին համոզենք, այլ մեզ համար լրացուցիչ ջանքեր գործադրենք, որ հավատանք Ջալալօղլուի ով լինելուն: Ջալալօղլուի դեմքին նայում ու յուրաքանչյուրն իր դատողություններն սկսեց անել: Մի հայկական հին մուլտֆիլմ հիշեցրեց` Հայելին: Հիշում եք, չէ: Այնտեղ ինչ դատողություն ասես եղավ, բացի նրանից, որ դա հայելի է: Հիմա այստեղ է` մեկին ճտքավոր կոշիկներն են կասկածելի, մեկին դրոշը, մնացածին ուրիշ բաներ ՙդուր չեն գալիս՚: Ու մի բան էլ նույնիսկ եզրակացություններ հնչում, թե ըսենց դիվերսանտ կլինի:
Մասնա•ետներն իրենք լավ գիտեն, թե որ գործի համար, ինչպիսի արտաքինով ու ատրիբուտներով մարդ է պետք: Բայց առնվազն մի քանի բան լրատվամիջոցների ու սովորական մարդկանց սոցցանցային քննարկումներում տարօրինակ է:
1. Եթե սովորական «կորուսյալ է» այդքան զենքն ինչին էր պետք մեր կողմերում երեւալիս:
2. Գուցե հիշենք, թե օրինակ վերջին երկու թարմ դեպքերում,երբ մառախուղի ժամանակ մոլորվել ու սահմանն էին անցել նախ Մամիկոն Խոջոյանը, ապա Արսեն խոջոյանը, մարդիկ պարզապես անզեն էին:
3. Երբ միանգամայն անզեն Ադրբեջանի տարածքում հայտնված այս երկու մարդկանց, կամ տարիներ առաջ միայն սպանված վերադարձրած հովիվ Մանվել Սարիբեկյանին ադրբեջանցիները դիվերսանտ էին ներկայացնում, ադրբեջանական մամուլում կամ հասարակության մեջ գրեթե չհայտնվեց մեկը, որ կասկածի տակ դներ այդ մարդկանց «դիվերսանտ» լինելը: Սա այն դեպքում, երբ նրանց դեպքում ադրբեջանցիների կողմից դիվերսանտ որակելը ուղղակի ծիծաղի տեղիք էր տալիս:
Դիվերսանտները շատ տարբեր կարող են լինել ու շատ տարբեր առաջադրանքներով, եթե մանրամասն հետևենք ադրբեջանական մամուլին հասկանալի կլինի, թե սրանք ինչպիսի դիվերսանտներ էին և ինչ առաքելությամբ էին եկել:

Տեղեկատվական վակուում

Մարդիկ տեղյակ լինելու իրավունք ունեն: Սա թերեւս մարդու ամենակարեւոր իրավունքներից մեկն է: Սա պետք է գիտակցեն թե լրատվամիջոցները, թե տեղեկատվությունը տնօրինողները: Բայց տեղյակ պահելը ինքնանպատակ չէ, այլ որպեսզի ապահովվի կոնկրետ հասարակական շահը` այս դեպքում չառաջանա խուճապ: Հետեւաբար հասարակական շահից է կախված` այդ տեղեկատվությունը պետք է հրապարակել, թե անհրաժեշտաբար սահմանափակել` օրինակ կանխելով հնարավոր խուճապը: Միայն հասարակական շահը պետք է որոշիչ լինի եւ լրատվամիջոցի` առաջինը լինելու ցանկության իրականացման եւ պաշտոնյայի գործողությունների առանցքում: Հետեւաբար, երբ մարդիկ տեսնում են, որ ինչ որ բան կատարվում է, ապա որեւէ տեղեկատվություն չտալը, պարզապես կարող է տեղեկատվական վակուում առաջացնել, ինչն ավելի վտանգավոր է` տեղ թողնելով ասեկոսեների ու բամբասանքների, երբեմն իրականությունից շատ հեռու:

Այստեղ առնվազն երկու հանգամանքի արժե ուշադրություն դարձնել.


1. Նման դեպքերում խուսափել ունեցածը շտապ հրապարակելուց, եւ ամեն դեպքում սպասել պաշտոնական աղբյուրներին
2. Նախընտրելի է, որ պաշտոնական աղբյուրներն իրենք առաջինը, լրատվամիջոցի դիմելուց էլ առաջ, հնարավորության դեպքում ամբողջական ու սպառիչ պատասխան տան` տեղ չթողնելով նոր անհանգստություններին:

Դիվերսիոն գործողությունների հետ կապված այս դեպքերի լուսաբանումն ու տեղեկատվության հրապարակման մեջ մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց` ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջեւ տարբերակում դնելը, թե ով պետք է այդ տեղեկատվությունը հրապարակի: Չնայած հայկական երկու պետություններին` այս դեպքում հարցը վերաբերում է կոնկրետ մեկ բանի` հայ-ադրբեջանական հասկացությանը, հետեւաբար այստեղ կարեւորը տեղեկատվության ապահովման հարցում միասնականություն պահպանելն է: Սակայն դժվար է այստեղ չնկատել, որ հայկական երկու պետությունները այս հարցում որոշակի համակարգման խնդիրներ ունեն:

Մայկ Անտոնյանի ֆեյսբուքյան գրառում