«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մեզ հետ զրույցում խոսեց իր կարիերայի, անձնական և այլ հարցերի մասին:

Եվա, դուք ապրում եք և´ Ռուսաստանում, և´ Հայաստանում, որտե՞ղ եք Ձեզ զգում, ինչպես տանը:

Ես կապված եմ թե´ Ռուսաստանի, թե´ Հայաստանի հետ: Ռոստովում ես ինձ լավ եմ զգում, որովհետև այնտեղ իմ ընտանիքն է, բավարարվածություն եմ ստանում իրենց հետ շփումից: Մոսկվայում ինձ հաճելի է գտնվել, քանի որ այնտեղ են իմ ընկերները, աշխատանքը, սակայն հոգևոր բավարարվածություն ստանում եմ միայն Հայաստանում, քանի որ հինականում այստեղ են իմ բոլոր երկրպագուները:

Հարաբերություններում հաճա՞խ եք փոխզիջման գնում, թե՞, այնուամենայնիվ, Ձերն եք պնդում:

Կախված է հանգամանքներից: Գործնական հարցերում, երբ հասկանում եմ, որ տվյալ առաջարկը ինձ հաջողություն կբերի, ապա դեմ եմ գնում իմ քմահաճույքներին, բայց ոչ միշտ: Ինչ վերաբերում է սիրային հարաբերություններին, երբ սիրահարվում եմ և այլ ընտրություն չունեմ`գնում եմ փոխզիջման: Բարդ բնավորություն ունեմ, միշտ չէ, որ կարելի է ինձ հետ լեզու գտնել:

Երբևէ ունեցե՞լ եք վիճաբանություն լրագրողների կամ երկրպագուի հետ: Աշխատանքից հեռացրե՞լ եք ձեր անձնակազմի անդամներից որևէ մեկին:

Դա եղել է շատ վաղուց, երբ ես աշխատանքից ազատեցի իմ տնօրենին: Լրագրողի հետ ևս ունեցել եմ փոքրիկ ընդհարում, ուղղակի նա հասցրեց ինձ այն աստիճանի, որ ես ուղղակի չկարողացա ինձ զսպել, հետո նա ներողություն խնդրեց, և ամեն ինչ ընկավ իր տեղը: Հիմնականում ես ոչ մի կոնֆլիկտ չեմ ունենում` հատկապես երկրպագուների հետ:

Եվան ինքնուրո՞ւյն անձնավորություն է:

Ես լիովին ինքնուրույն մարդ եմ: Կարող եմ ինքս որոշում կայացնել, պատրաստել, խնդիրներին լուծում տալ: 17 տարեկանից Մոսկվայում ուսման նպատակով մենակ եմ բնակվել և այդ ամենով մենակ եմ զբաղվել: Ինքնուրույն լինելը ինձ համար սովորություն է դարձել:

Մեր կյանքը լի է վտանգներով, դուք կարո՞ղ եք ձեզ պաշտպանել:

Ինքս ինձ կարող եմ պաշտպանել: Եղել են դեպքեր, երբ փորձել եմ զբաղվել բռնցքամարտով, բայց չի ստացվել: Մի բան հաստատ կարող եմ ասել, եթե տղամարդը հարձակվի կնոջ վրա, կնոջը ոչինչ չի փրկի:

Ինչպիսի՞ն է Ձեր երազանքի իդեալական տունը:

Ես չեմ կենտրոնանում այն երազանքի վրա, որն այդ պահին չեմ կարող իրագործել կամ ունենալ, երբ խնդիր և ֆինանսներ կլինեն մեծ տուն գնելու համար, կմտածեմ այդ մասին:

Ունե՞ք արդյոք սիրելի իր կամ թալիսման:

Շատ թալիսմաններ եմ ունեցել, սակայն ժամանակի ընթացքում բոլորից հրաժարվել եմ բացի խաչից, քանի որ հասկացել եմ, որ բացի Աստծուց մեզ ոչ ոք չի կարող պաշտպանել: Խաչը նվիրել է հայրս և երկար տարիներ է՝ ինչ այն կրում եմ:

Սովորաբար ո՞ւմ հետ եք կիսվում Ձեր խնդիրներով:

Խնդիրներով կարող եմ կիսվել միայն մայրիկիս հետ, այն էլ մասամբ, քանի որ չեմ ուզում իրեն անհանգստություն պատճառել: Հիմնականում իմ խնդիրները մնում եմ իմ ներսում:

Ի՞նչ երաժշտություն եք լսում ավտոմեքենա վարելիս:

Հիմնականում երաժշտությունը լսում եմ ըստ տրամադրության: Նախընտրում եմ դասական լսել: Որքան էլ տարօրինակ հնչի, ամեն ինչ լսում եմ՝ բացի ջազից և ռոքից:

Պատրաստվո՞ւմ եք մեկնել հանգստանալու:

Արդեն մեկ անգամ հանգստացել եմ, սակայն մեկ անգամ ևս պատրաստվում եմ գնալ հանգստանալու: Դեռ չգիտեմ, թե որտեղ և ում հետ, բայց միանշանակ կգնամ, առանց ծովի չեմ կարող ապրել:

Ձանձրալի չէ՞, որ ամեն ինչ հիանալի է:

Ես երբեք չեմ ձանձրանում, քանի որ այն ամենը ինչ հիանալի է լինում իմ կյանքում՝ ես ձեռք եմ բերում մեծ ջանքերի շնորհիվ:

Հարցազրույցը` Araratnews.am