Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության հարցը մշտապես միջնորդ երկրների օրակարգում է: Դատելով նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին վերջին օրերին հաճախակիացած կոչ-հայտարարություններից, ակնհայտ է դառնում, որ միջնորդների մոտ որոշակի անհանգստություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է սահմանագծում գրեթե չդադարող հրադադարի խախտումներով:
Ընդ որում՝ ադրբեջանցիների համար գնդակոծության թիրախ են ոչ միայն հայ դիրքապահներն ու մարտական հենակետերը, այլ բնակավայրերն ու դաշտում աշխատող քաղաքացիական անձինք:
Նախագահների ձևաչափով հանդիպման կազմակերպմամբ, միջնորդներն ամենայն հավանականությամբ, հույս ունեն կտրուկ լիցքաթափել սահմանին առկա լարվածությունը:
Մինչև համանախագահ երկրները տարբեր չինովնիկների շուրթերով խաղաղության հաստատման մասին կոչեր են հնչեցնում, Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ակտիվացնելու իր գործողություններն առաջին գծում:
Նման եզրակացության կարելի է հանգել, մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությունից, որտեղ նա խոսում է «հայկական կողմից հնչող կրակոցներին 1-ին 10 պատասխանելու ու մարտական հենակետեր գրավելու մասին»:
Որպես կանոն նախահարձակ գործողությունների դիմում է ադրբեջանական կողմը ու այդ տեսանկյունից, ադրբեջանցի ուժայինի հայտարարությունը տարօրինակ է թվում, սակայն հաշվի առնելով այն մեծ նախապատրաստությունը, որը իրականացնում է ադրբեջանական կողմն առաջին գծում, կարելի է ենթադրել, որ առաջնագծում սադրանքներն առավել կատիվանան, իսկ ադրբեջանական քարոզչական ապարատը այդ գործողությունները կփորձի ներկայացնել որպես «ինքնապաշտպանական» կամ «պատասխան գործողություններ»:
Համանախագահ երկրների հիշեցումներն ու հորդորները՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր են այդ հայտարարությունների տակ դրվող քայլերը, քանզի մինչ միջազգային հանրությունը շարունակում է հերթապահ ձևակերպումներ հնչեցնել, Ադրբեջանը ծանր տեխնիկայի կուտակումներով հագեցնում է առաջնագիծը:

Քաղաքագետ՝ Տիգրան Աբրահամյան