Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերուիրթին: Տեղեկացնում են նախարարությունից: 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերին կացարանով ապահովելու և ՀՀ սփյուռքի նախարարության ու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հետ կապված հարցեր: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին նաև Հայաստանի մշակութային կյանքում ինտեգրվելու հարցում: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց հատկապես սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախմբի հունիսի 1-ին կայանալիք համերգի կազմակերպմանն աջակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կկազմակերպի Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսագործունեությանը և հիմնախնդիրներին նվիրված ֆիլմերի նկարահանումը: