Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:

Ստորև ներկայացնում ենք Հայկ Դեմոյանի արձագանքը.

«Հարգելի պարոն վարչապետ: Այո, Դուք ճիշտ եք՝ ասելով, որ «Ապրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար»: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է: Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրություն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետևորդներ: Մենք’ կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթ»: Իսկապես հիասքանչ հայտարարություն: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թույլ տվեք գուշակել: Կարծում եմ , որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ՝ ճշմարտությանը հասնելու համար: Ապագայի նկատմամբ հույսերով»: