Կադրային նշանակումներն ու քննարկումները շարունակվում են: Ընդ որում, շատ դեպքերում, առավոտյան մի որոշում է կայացվում, երեկոյան` մեկ այլ. փոխնախարար Պավլիկ Սաֆարյանին ֆինանսների նախարար դարձնելու որոշումը մի քանի անգամ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտան քարե արձանի վերածած Նարեկ Սարգսյանին, ապա երեկոյան արդեն հրապարակվեց նրան քաղաքաշինության նախարար նշանակելու որոշումը: Մեր տեղեկություններով, նրա տակ են «պատրաստվում» բերել նաեւ հուշարձանների պահպանության եւ մի շարք այլ «յուղոտ թիքաներ», որպեսզի նարեկյան ստեղծագործ միտքն արձաններ կառուցելու գործում պարապուրդի չմատնվի: Նախկին քաղշինը, ըստ ամենայնի, կձեւափոխվի՝ կվերածվի կոմիտեի կամ այլ մարմնի՝ Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւս կպահպանի իր պորտֆելը. նա հիմա Փարիզում է` աշխատանքային գործուղման, կվերադառնա, եւ Սերժ Սարգսյանը կասի իր տղամարդկային խոսքը: Մեր տեղեկություններով, բնապահպանության նախարարի հարցը եւս գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ «մոքիրի թոռ» Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը