Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են և սկզբունքային տարբերություններ նրանց միջև չկան:

«ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջև չկան: Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»,-ասել է Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն:

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ նախորդ կառավարության գործունեությանը վերաբերող իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հերթին նկատել է. «Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները»: ՄՆա նաև տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում ևս շարունակվելու են:

«Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ»,-հանդիպման ավարտին նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները: