Ներքաղաքական իրադարձությունների ու հանրապետությունում տեղի ունեցող վերջին փոփոխությունների մասին YerevanNews.am-ի թղթակիցը զրուցեց ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: 

-Ինչի՞ կհանգեցնեն վերջին ներքաղաքական փոփոխությունները:

-Ոչնչի էլ չեն հանգեցնի: Անձի փոփոխությամբ չի կարող լուրջ փոփոխություն տեղի ունենալ: Հին կադրերն են ու հին գործելակերպը: Ոչնչի էլ մի սպասեք: Եթե իրապես փոփոխություններ անելու նպատակ լիներ՝ կարվեր մինչեւ այսօր: 

 -Ձեր կարծիքով ինչո՞ւ ՕԵԿ-ը չմտավ կոալիցիա:

-Դա ձեռնտու քայլ էր Սերժ Սարգսյանին: ՕԵԿ-ի միջոցով քննադատվելու է  կառավարությունը: Դա շինծու երեւույթ է կամ  պայմանավորվածության արդյունք: Փաստացի, քննադատողներ կամ հակա արտահայտվողներ այլեւս չմնացին ու հիմա ՕԵԿ-ը կլրացնի այդ բացը:

-ՕԵԿ-ը կլրացնի ընդդիմության շարքերը: Արդյո՞ք դա ընդունելի է լինելու ժողովրդի կամ ընդդիմության մնացած ներկայացուցիչների կողմից:

-ՕԵԿ-ից ի՞նչ ընդդիմություն, ՕԵԿ-ն առնետ է: Նրան ընդունող չկա, որովհետեւ սա պայմանավորվածությամբ արվող քայլ է ՀՀԿ-ի համար ու ներկայիս կառավարության համար:

-Քառյակի մասին ի՞նչ կարծիք ունեք: Հասարակությունը ի՞նչ ակնկալիքներ ունի քառյակից:

-Քառյակում էլ են հին դեմքեր, որոնք ժամանակին ունեին հնարավորություն ինչ-որ բան անելու: Նախկին իշխանավորներից ոչինչ չեմ սպասում:  Այդտեղ գործող քաղաքական գործիչներից միայն Գագիկ Ծառուկյանն է մի փոքր տարբերվում, ժողովրդի համար լավ բան անելու պատրաստակամությամբ: Նա գոնե բարեգործություն է անում, ինչպես ժամանակին ես: Կամ էդ անողնաշար Րաֆֆի Հովհաննիսյանը...Ոչ մեկից ոչ մի լավ բան չեմ սպասում: Ուղղակի, չգիտես թե ինչի սպասես շախմատի ձիու քայլեր անող գործիչներից: Ես գիտեի, որ Հովիկ Աբրահամյնն է դառնալու հաջորդ վարչապետը, իսկ ԱԺ նախագահ, ըստ իս՝ հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Հայկուհի Ջանիկյան