ՀՀ-ում ամեն ինչ գնում է պրոգրեսի, իսկ քաղաքական կյանքը պահանջում է զարգացում: Այսպես պատասխանեց ՀՀ Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը լրագրողի այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանի նշանակումը ռեգրես է, թե պրոգրես:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը, որպես տնտեսագետ, ավելի բարձր մակարդակ ունի, քան Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանն ասաց.

«Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող համապատասխան գնահատականներ տալ, հատկապես ուզում եմ շեշտել, որ, կներեք արտահայտությանս համար, քաղաքական նեղմտություն է վարչապետի պաշտոնը կապել միայն տնտեսագիտության հետ, որովհետև վարչապետը քաղաքական ֆիգուր է, իհարկե որոշակի մասնագիտական հմտություններ է պահանջում՝ կառավարման, քաղաքական կյանքի և ֆինանսատնտեսական ոլորտների համար»: