ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին՝ համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար՝ հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ:

Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը՝ Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի՝ անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար:

Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ: