Իրավիճակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարված է, այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը Trend գործակալության հետ զրույցում: Վերջինս հավաստիացրել է, որ Ղարաբաղի հակամարտության խնդիրը այլ երկրներում ծավալվող գործողությունների ֆոնին չի անտեսվում: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն փորձում են հակամարտության կողմերին ներկայացնել կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղված նոր գաղափարներ: Անցած ամիս միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարների հետ երկու հանդիպում են անցկացրել»,-նշում է Կասպշիկը:

Կասպշիկը հավաստիացնում է նաեւ, որ ինքը որպես նախագահի ներկայացուցիչ մշտապես հետեւում եւ պարբերաբար ներկա է գտնվում հակամարտության տարբեր կետերում: Նրա խոսքով՝ բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորմանն ու լարվածության թուլացմանը։

«Ես եւ իմ թիմը պարբերաբար այցելում ենք հակամարտությունից տուժած տարածքներ` ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ փոխանցելու նպատակով»- հավելում է Կասպշիկը: