Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 75 կգ քաշայիննների եզրափակիչում Ջուլֆալակյանը 3:4 հաշվով պարտվեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 3 միավոր, սակայն ավելին անել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ աշխարհի 2013թ. առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով խորվաթ Նեւեն Զուգաջին (6:0), ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), շվեդ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0) ու դանիացի Մարկ Մադսենին (2:2), հնարավորություն էր ստացել պայքարել ոսկե մեդալի համար:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 6-ին, պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները մեդալներ չէին նվաճել: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Ձեմյանովիչին, 80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը լատվիացի Ցեսլավս Բեստենիսին ու ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր վրացի Գիորգի Ցիրեկիձեին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում հունգարացի Վիկտոր Լորենցից ուժեղ գտնվելուց հետո 1/4 եզրափակիչում պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին: