Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (International Weightlifting Federation) գործադիր խորհուրդը Ադրբեջանին 500 հազ. դոլարով տուգանելու մասին միաձայն որոշում է ընդունել, հաղորդում է ֆեդերացիայի կայքը:

Որոշումը պայմանավորված է հանգամանքով, որ ադրբեջանցի ծանրորդները բազմիցս «բռնվել են» խթանիչների ընդունման մեջ:

Միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում իրականացնել մարզիկների, մարզիչների և բժիշկների մասնակցությամբ նման դեպքերի հետաքննություն:

Ֆեդերացիան, ելնելով հանգամանքից, որ խթանիչներ չընդունող մարզիկները չպետք է տուժեն, Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերաիցիայի անդամությունը չի դադարեցնի, սակայն վեց ամսվա ընթացքում տուգանքը պետք է վճարվի: Մինչ այդ Ադրբեջանը ներկայացնող ծանրորդները չեն կարող մասնակցել IWF-ի օրացույցային միջոցառումներին:

IWF-ի հաղորդագրության մեջ խթանիչներ ընդունած կոնկրետ մարզիկների անուններ չեն նշվում: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Ադրբեջանական ավիաուղիների՝ AZAL-ի նախագահ Ջանգիր Ասկերովն է:

 

Նյութի աղբյուրը՝ civilnet.am