Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբն» ամփոփեց առաջին խաղաշրջանի արդյունքնրը:

Կազմակերպիչների խոսքով՝ «Բանավեճի ակումբը» միջազգային պրակտիկա ունեցող խաղ է, որի արդյունքում երիտասարդները, մասնակցելով բանավեճ-քննարկումներին, վարժվում են գրագետ բանավիճելու տեխնոլոգիաներին։

«Թեմաները, որոնք երիտասարդները քննարկում են, տարաբնույթ ուղղվածության ամենաարդիական, հասարակական հնչեղություն ստացած հարցեր, նաև պատմական իրադարձություններ են։ Մեր նպատակն է, որ երիտասարդները կարողանան ակտիվ լինել, ներկայացնել իրենց մտքերը, տեսակետը, մտահոգությունները, սովորեն քննարկել տեխնոլոգիաները, բանավեճի էթիկայի կանոնները. կարելի է ասել՝ «Բանավեճի ակումբը» քաղաքացիական հասարակություն ձևավորելու ինքնատիպ գործիքներից է։ Ուրախ ենք, որ բացի քաղաքապետարանից, որն անձամբ քաղաքապետի աջակցությամբ հարթակ է տրամադրում այս երիտասարդներին, այս նախաձեռնությանը աջակցում է նաև մասնավոր հատվածը՝ հաղթողներին տրամադրելով խրախուսելու միջոցներ, մրցանակներ»,- նշել է

«Բանավեճի ակումբ» խաղի ժյուրիի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

«Բանավեճի ակումբին» մասնակցելու հայտ է ներկայացրել 25 թիմ։ Խաղի արդյունքները գնահատում են ժյուրին և հանդիսատեսը, գնահատականը կազմվում է համամասնությամբ։ Առաջին խաղաշրջանում հաղթող է ճանաչվել «Առանցք» թիմը։

«Ռիչ քոմփյութերս» -ը բանավեճի հաղթողներին հանձնեց հատուկ մրցանակներ: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության մանրածախ վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մկրտչյանը, «Ռիչ քոմփյութերս»-ը նմանատիպ միջոցառումներին հաղթող ճանաչված երիտասարդներին հաճախ է սատար կանգնում. «Շատ հատկանշական և կարևոր է ընկերության համար լինել երիտասարդների կողքին, քանի որ մենք ինքներս հանդիսանում ենք երիտասարդ կազմակերպություն և փորձում ենք ստեղծել նոր աշխատատեղեր նրանց համար»,-ընդգծեց ընկերության ներկայացուցիչը:

Նշենք, որ «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը հիմնադրվել է 2003 թ.–ին, իսկ 2012 թ.–ից այն զբաղվում է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով։ 2013 թ.–ին ընկերությունը բացել է Հայաստանում միակ համակարգչային տեխնիկայի հավաքման արտադրամասը, որտեղ ապրանքները մինչ վաճառքի հանվելը անցնում են հատուկ ջերմային և ծրագրային թեստավորում։ Rich Electronics խանութների ցանցն ընդգրկում է 16 խանութ–սրահ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։