Օրեր առաջ համացանցում էր հայտնվել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նոր «Անպետքը» ֆիլմը, որը մի քանի օրվա ընթացքում հասցրել է մեծ թվով դիտումներ և արձագանքներ ապահովել: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Արշակ Զաքարյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունն ու ասելիքը:

Նա նշեց, որ ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է 2 մլն դրամ, որից 1 մլն 800 հազարն այլ մարդիկ են հավաքել: «Դիմեցինք շատ վայրեր, սակայն մերժեցին` ասելով թե գումար չունեն: Ստացվում է, որ մեր երկրում աղքատներն ավելի հարուստ են, քան հարուստները: Մենք էլ դիմեցինք հասարակ մարդկանց և մեկ օրում արդեն 540,000 դրամ գումար էր հավաքվել», - նշեց նա, հավելելով, որ գումարը հավաքվել է մեկ ամսում, նկարահանումները տևել են 2 ամիս, իսկ ֆիլմի տևողությունը 11 րոպե է: Ռեժիսորը նաև նշեց, որ այժմ ֆիլմի համար երաժշտություն է գրվում:

Զաքարյանի խոսքերով, մենք ամեն օր լսում ենք ինքնասպանությունների մասին, որոնց թիվն ավելացել է և հատկապես երիտասարդների մոտ: «Էդ մասին է պետք մտածել, դա դարձել է սովորական որ օրը մի հոգի ինքնասպան է լինում», - նշեց ռեժիսորը, հավելելով, որ խոսքը գնում է իրական ինքնասպանությունների մասին, այլ ոչ թե այն դեպքերի, երբ կամուրջի մոտ կանգնած գումար են ուզում, որպեսզի ինքնասպան չլինեն: «Կամ էլ երբ հայտնվում է ԱԻ նախարարը, սարքովի դեպքերի մասին չեմ ասում: Նախարարն էլ մեր բեթմենն է դարձել», - նշեց նա:

Անդրադառնալով կինոաշխարհում առկա թերություններին, նա նշեց, որ այժմ այդ ոլորտը մարդկանց այնքան էլ չի հետաքրքրում և իրենք այստեղ ոչ մի անելիք չունեն: «Անձամբ ես հիմա հեռանում եմ երկրից, չգիտեմ, միգուցե ժամանակավոր, քանի որ այստեղ անելիք չունեմ», - նշեց ռեժիսորը:

Այժմ կարող եք դիտել ռեժիսորի հեղինակային ֆիլմը: